Sunday, August 14, 2011


Հարաբերություններ տանգոյի ոճով
 Երևի թե աշխարհում չկա մի երևույթ, որի մասին բանավեճերն անցնեն ավելի թեժ, հակադրություններով և փոխադարձ մեղադրանքներով լի, քան կնոջ և տղամարդու միջև հարաբերությունների շուրջ բանավեճերը:
Հարցը հին է այնքան, որքան աշխարհը, և յուրաքանչյուր հասարակություն, յուրաքանչյուր ժամանակաշրջանում ունեցել է և ունի երկու սեռերի միջև հարաբերությունների կառուցման իր` «ճիշտ» մոդելը, որն էլ փորձ է անում հարկադրել, ներշնչել(անվանեք ոնց հարմար է) իր անդամներին: Եվ չնայած այդքան «ճշտերին», հարցը մնում է ակտուալ և կարիք ունի կատարելագործման ու ավելի լավ մոդելներ ձեռք բերելու: 
Փորձենք պարզել(դժվար` վերջնական և հիմնավոր)` զույգերի միջև հարաբերությունների որ մոդելն է առավել նախընտրելի: Որպես հիմք կարելի է վերցնել տանգոն, քանի որ տանգոն միակ պարն է աշխարհում, որ համարվում է հորիզոնական ցանկությունների արտահայտումը ուղղահայաց դիրքով, և այդքան նման է կին-տղամարդ հարաբերություններին, ամենայն ճշտությամբ բնութագրում է տղամարդու ու կնոջ ճիշտ համագործակցությունը: Շատերը, հավանաբար, սա գիտեն ոչ միայն լսելով, այլ նաև զգայական փորձով:
Այսպես` եկեք վերլուծենք տանգոն.

1. Յուրաքանչյուր պարող հարգում և գնահատում է իր զուգընկերոջը, քանի որ առանց նրա նա չի կարող պարել:
2. Երկու պարողներն էլ իրար հավասար են, սակայն կատարում են տարբեր դերեր. մեկն առաջնորդում է, մյուսը` հետևում:
3. Տղամարդը սովորաբար առաջնորդում է, սակայն շալակած չի տանում զուգընկերուհուն: Պարում են երկուսով: Երբ պարողներից մեկը վեր է ածվում շոգեքարշի` պարն ընդհատվում է: 
4. Պարի դժվար(ակրոբատիկ) շարժումների ժամանակ զուգընկերուհին օգնում է զուգընկերոջը, այլապես ոչինչ չի ստացվի: 
5. Երբ պարի ընթացքում կինը փորձում է ինքը դառնալ առաջնորդ,սովորաբար, զույգը ռիթմից ընկնում է:
6. Զույգերը պետք է կարողանան իրար զգալ, ինչի շնորհիվ էլ նրանք պարի ընթացքում դառնում են մեկ ամբողջ: Իհարկե, կարելի է նաև միայն շարժումներն, իրենց հերթականությամբ, անգիր անել և մեխանիկորեն կատարել դրանք, սակայն եթե շարժումները չեն զուգորդվում իրար զգալու հետ, պարը պարողներին այն հաճույքն ու էմոցիաները չի պատճառում, ինչ կարար պատճառեր: Զգայական ոլորտը շատ կարևոր է:
7. Զույգերին ուրախացնող պարը ոչ միշտ է գեղեցիկ կողքից նայողի համար և հակառակը, կողքից գեղեցիկ թվացող պարը ոչ միշտ է, որ հարմար և հաճելի է պարողների համար:
8. Միայն պարելու ցանկությունը քիչ է: Պետք է կարողանալ պարել, իսկ եթե չեք կարողանում` սովորել: Յուրաքանչյուր պար, դա հաճելի, սակայն քրտնաջան աշխատանք է, որի պտուղները համաձայնեցված ու գեղեցիկ շարժումներն են: Որքան շատ ենք սովորում, այնքան հեշտ ու գեղեցիկ է ամեն ինչ ստացվում: Պետք է սովորեք ոչ միայն պարող մյուս զույգերից, այլ նաև մեկդ մյուսից:
9. Ոչ բոլոր զուգընկերների/ուհիների հետ է, որ հաջողվում է լավ պարել: Այսինքն` դուրս գալով պարահրապարակ Ձեր երազների ասպետի (արքայադստեր) հետ, երաշխիքներ չկան, որ ձեր պարն անթերի կլինի և ամեն ինչ միանգամից կստացվի: Նույնն էլ հարաբերություններում: Որքան էլ Ձեզ դուր գա տվյալ անձնավորությունը, 3-6-րդ կետերը ոչ ոք չեղյալ չի համարել:
Միգուցե այս ցուցակն այդքան էլ ամբողջական չէ և ձեզանից յուրաքանչյուրն իր համար մի քանի կետ էլ կավելացնի, սակայն փաստ է, որ մեր շուրջը պարող զույգերից շատերի պարը այդքան էլ գոհացուցիչ չէ ու, հազվադեպ պարողներ են, որ իրենց պարից իրական հաճույք են ստանում: Նրանցից շատերը դիտավորյալ բարձրանում են մեկը մյուսի ոտքերի վրա, երկուսն էլ դեռ չեն սովորել պարել, սակայն ձգտում են սովորեցնել իրար: Ոմանք, նեղանալով ու հրաժարվելով պարել, փորձում են բոնուսներ շահել իրենց համար, իսկ ոմանք էլ ընդհանրապես բարձրացել են զուգընկերոջ ուսերին` կարծելով, որ իրենց պարն այդպիսին է: Եվ հենց նրանք են, որ այդքանից հետո զարմանում են, թե ինչու ոչինչ չի ստացվում: Իսկ երբ զույգերից մեկը, խախտելով տանգոյի բոլոր կանոններն ու օրենքները, թողնում է պարահրապարակն ու հեռանում` առանց հետադարձ հայացքի, ու մեկընդմիշտ մոռանում այդ պարը, նրան հաճախ մեղադրում և պարսավում են, այնինչ դա բնական է, քանի որ Դուք պարում էիք ինչ-որ ուրիշ պար, ոչ տանգո:
Ինչպես կասեր Ռաուլ Սորդին. «Տանգոն ոչ միայն պարում և երգում են, այն նաև հիշում են»:
Եղե'ք անմոռաց:

No comments:

Post a Comment